Рубрика: Հայոց Լեզու

Բայի դեմքը, թիվը, ժամանակը, 10.03

Բայի ժամանակը
Բայի ժամանակը նշանակում է, թե երբ է տեղի ունենում գործողությունը (եղելությունը) խոսելու պահի համեմատությամբ:
Բայն ունի 3 ժամանակ.
1. ներկա ժամանակը ցույց է տալիս խոսելու պահին  կատարվող գործողություն՝ գրում եմ, կարդում է,
2. անցյալ ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից  առաջ կատարված գործողություն՝ գրում էի, կարդացել եմ, խոսեցին, ասելու էիր, վազեր, կգայի, պիտի գնայիք, չէին պահանջի,
3. ապառնի ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն՝ մնալու եմ, գրենք, կխոսեք, պիտի գնան, չեք գա, գնա՛, վազե՛ք, մի՛ ասա:

Դեմք
Բայի դեմքն արտահայտում է գործողության և գործողություն կատարողի հարաբերությունը, այսինքն՝ ցույց է տալիս, թե հաղորդակցման մասնակիցներից ով է կատարում գործողությունը, ում է վերաբերում եղելությունը:
Բայն ունի 3 դեմք.
1. առաջին դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողը (գրում եմ, կարդացի) կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսողը (կարդում  ենք, կկարդանք),
2. երկրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսակիցը (կարդում ես, գրի՛ր, գնացիր) կամ խոսակիցները կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսակիցը (գրում եք, պիտի գրեք, գրե՛ք),
3. երրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողից ու խոսակցից բացի մի այլ անձ կամ իր (գրում է, ընկավ) կամ խոսակցությանը չմասնակցող անձեր կամ իրեր (գրում են, ընկան):
Բայի դեմքն արտահայտվում է բաղադրյալ ժամանակաձևի
օժանդակ բայի կամ պարզ ժամանակաձևի վերջավորությամբ:
երգում եմ, ես, էի, էիր․․․․․ երգեցի, երգեցիր, երգեցինք․․․․․

Թիվ
Բայի թիվը ցույց է տալիս, թե գործողությունը մե՞կ անձ է կատարում, թե՞ մեկից ավելի:
Բայն ունի երկու թիվ.
1. եզակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է մեկ անձ կամ իր՝ գրում եմ, ընկավ,
2. հոգնակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում են մեկից ավելի անձինք կամ իրեր՝ գրում ենք, ընկան:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. գրում է, տալիս ենք, մտցրել է, սովորելու են,  ասում եք, չգաս
բ. պարում են, չունեի, կնկարեմ, չքվում է, մի՛ տար, գալիս եք

2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, պարել է, կտա
բ. խաղացինք, չի կարելի, դարձել ես, վերցնենք, եկել եմ, կընկնեմ


3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա. չեմ հասկանում, գնացել եմ, կլինես, կտրտմեմ, հատում եմ,
կարելու եք
բ. համեղացրո՛ւ, աշխատել են, արշավեմ, կհատեմ, գնացինք, սովորում են:
,

4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

ա. չմտնեն, ծարավեմդիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել

5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։

6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածի, կտարածի, մնամ, ենթամնա

7. Շարքերում առանձնացրե՛ք եզակի և հոգնակի թվով բայաձևերը.

ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, չափեցին, մի՛ թող, չափեիք
բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
ես, կտանք

8.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և նշիր դեմքը, թիվը, ժամանակը:

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։ Նա համարվում է քառագագաթ լեռ։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկվում է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։

Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու, տանձենու, դեղձենու և սալորենու ճուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ։

Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ։ Դրա համար ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս։ Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը։ Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը, իսկ այսօր միանում է Քուռ գետին։

Պինգվինները մարդկանց բարեկամներն են։ Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է։ Նրա մարմինը ձգված է, ճկուն։ Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։