Рубрика: Պահոց, Սովորողի օրագիր

Ընտանեկան դպրոցի իմ օրագիրը

Բարև ձեզ։ Ես Նարեն եմ Արղության՝ Արևելյան դպրոցի 4-1դասարանի երեք Նարեներից մեկը։ Այս բառերը շատ եք լսել իմ ընտանեկան առցանց ուսուցման ժամանակ պատրաստած նյութերում։ Մարտի 2-ից բոլորս սկսեցինք աշխատել հեռավար։ Քանի որ մենք միշտ աշխատում ենք բլոգներով և  էլեկտրոնային հասցեներով, մեզ համար հեշտ է հեռավար աշխատելը։ Արագ անցանք գործի։ Բլոգ ունեցել եմ շատ վաղուց, բայց սկսել եմ ինքնուրույն աշխատել  երրորդ դասարանից։ Կազմեցի իմ անհատական պլանը, ընտանեկան առցանց նախագծերի օրացույցը հրապարակեցի բլոգում և սկսեցի աշխատել։ Ամեն անգամ նոր մտքեր ու հետաքրքիր նախագծեր էին հայտնվում իմ և իմ ընկերների բլոգներում։ 

Գիժ մարտը

Նորից ողջույն ․․․
Քանի որ  թագավարակը դեռ Հայաստանում է, մենք շարունակում ենք աշխատել առցանց-հեռավար։ Երբ  բացակայում էինք ուսումնական  պարապմունքներից, միշտ էլ բացթողումները լրացնում էինք հեռավար։ Կատարել ենք առաջադրանքները և հետ չենք մնացել։ Այնպես որ մարտի 2-6-ին հեռավար աշխատելու գործում մեզ ոչինչ չխանգարեց։ Շատ հեշտ է այսպես աշխատելը, բայց շատ վատ է, որ չենք կարողանում դպրոցում հանդիպել և խաղալ մեր ընկերների հետ, ընդմիջումների ժամանակ կիսվել համեղ ուտելիքներով, ցույց տալ մեր գեղեցիկ հագուստերը, թիթիզանալ, վազվզել։ Տանը մնալն էլ ունի իր առավելությունը, շատ հանգիստ ենք, երբ ուզում ենք, արթնանում ենք, հետո հերթով կատարում  առցանց առաջադրանքները և ուղարկում մեր ուսուցիչներին։ Մեր տանը մայրիկը, քույրիկը, ես, բոլորս սեբաստացի ենք,  բոլորս էլ աշխատում ենք հեռավար։ Իմ համակարգիչը խնդիր ունեցավ և վերանորոգման ուղարկեցինք, և այդ ընթացքում ես այլ բաներով եմ զբաղվեցի (ընթերցանություն, երաժշտություն….), բայց հիմա այն ինձ մոտ է։ Դա խնդիր չդարձավ ինձ համար, քանի որ ես հիմա հերթով կատարում և տեղադրում եմ իմ աշխատանքները։ Մեզ ոչ մի խնդիր չի կարող խանգարել, ամեն բանի լուծումն արագ գտնում ենք։ Դե ինչ, գնացինք իմ հեռավար աշխատանքներին ծանոթանալու։ Ունեմ նաև խենթ, հումորային ֆիլմեր։

Ահա իմ՝ մարտի 2-31-ի կատարած աշխատանքները։

 

Ծաղկող ապրիլը 

Ողջո՛ւյն, ձեզ հետ Նարեն է: Հուսով եմ՝ չեք մոռացել ինձ։ Ես մեծ հաճույքով ու հավեսով եմ աշխատում այս հեռավար-առցանց ընտանեկան նախագծերում, ամեն շաբաթ էլ ավելի եմ ոգևորվում և էլ ավելի կազմակերպված եմ աշխատում: Տանը մնալն ինձ սովորեցրեց ստեղծել իմ օրագիրը և այնտեղ բաժանել իմ աշխատանքային գրաֆիկը: Այսինքն՝ ես իմ օրագրում նախագծում եմ օրվա անելիքներս ըստ ժամերի և, իհարկե, հաշվի եմ առնում ծնողներիս ծանրաբեռնվածությունը, բայց ճշտում եմ ժամերը, որ ըստ իմ օրացույցի անցնեմ գործի: Օրինակ`​ մաթեմատիկան միայն անում եմ հայրիկիս հետ. այսպիսի խաղ ենք կազմակերպել՝ հայրիկս դառնում է իմ մաթեմատիկայի դասավանդողը, և շաբաթական երեք օր`​ մեկ ժամ տևողությամբ, աշխատում ենք միասին, բայց այդ մեկ ժամվա մեջ ունեմ նաև ընդմիջման ժամ`​10րոպե, որի ընթացքում վազում եմ ճաշարան-խոհանոց՝ մի համեղ բան գնելու։ Այո′, գնելու. մայրիկ -խոհարարն է​, վաճառում է բրդուճիկները։ Նրա հետ առևտուր անելիս խոսում եմ ռուսերեն, քանի որ խոհարար-մայրիկը ռուսերեն է հասկանում, իսկ քույրիկի հետ խաղալիս խոսում ենք անգլերեն, քանի որ քույրիկ-խաղընկերն էլ հասկանում է անգլերեն, և այսպես շարունակվում է խաղը`​ հաճախակի փոխելով դերերը: Բայց հայրիկի դերը միայն մաթեմատիկայի դասավանդող լինելն է: Հա՛, մեկ էլ նա իմ զբոսավարն է։ Իսկ մայրիկը դառնում է է′լ Նառա Նիկողոսյան(մայրենիի դասավանդող), է′լ Անահիտ Գևորգյան (ընտանեկան կազմակերպիչ), է′լ Վիգեն Ավետիս (քանդակագործ- նկարիչ), է′լ խոհարար Մարիետ, է′լ տիկին Զոյա(ով բղավելով կարգ ու կանոն է հաստատում), է′լ ֆիզկուլտի դասավանդող, է′լ առողջագետ, է′լ տիկին Լիդա (ով փնթփնթալով հավաքում է տարածքը): Մի խոսքով՝ շատ հավես է անցնում ընտանեկան առցանց ուսուցումը: Ընկերներիս կամ դասավանդողներիս կարոտելիս տեսակապի միջոցով տեսնում ենք իրար, խոսում:

Իսկ այստեղ կներկայացնեմ իմ՝ ապրիլի 6-10․ ընտանեկան առցանց կատարած նախագծերը

Ապրիլի 13-17 ընտանեկան առցանց ուսուցում

Այս շաբաթվա իմ պատումը կլինի հղումների տեսքով, որ ճամփորդեք և դիտեք իմ կատարած առաջադրանքները և ընտանեկան նախագծերը: Պակասող հղումները կլրացնեմ ընթացքում: Դե ինչ, ճամփորդե՜ք իմ բլոգ-պարտեզով:

Ընտանեկան առցանց ուսուցման օրակարգ

Սուրբ Զատկին կատարած աշխատանքներս՝ 12.04

  1. Զատկական ասիկներ
  2. Զատկական խաղեր
  3. Զատկական ձուկ

Երուշաբթի՝ 13.04

Երեքշաբթի՝ 14.04

Չորեքշաբթի՝ 15.04

Հինգշաբթի՝ 16.04

Ուրբաթ՝ 17.04

Ապրիլի 20-24-ի ընտանեկան առցանց նախագծեր

Ապրիլի 20-24. Ահա ևս մեկ շաբաթ ընտանեկան հավեսի առցանց ուսուցման մեջ: Ես սիրեցի ու շարունակում եմ սիրել ընտանեկան առցանց ուսուցումը: Այս շաբաթ նորից շատ նախագծերով հանդես եկա։ Խոհանոց-լաբորատորիան իմ անբաժան ընկերն է։ Խոհանոցում հետաքրքիր է, խառնում ենք ամեն բան և ստեղծում մի համեղ ուտեստ, որից հետո նայում ընտանիքի անդամներին՝ ինչպե՞ս կգնահատեն սիրով պատրաստած ուտեստը, բայց ափսե լվանալն ու հետո չորացնելը, մաքրելն ու դասավորելը ձանձրալի է: Խոհանոց-լաբորատորիան ոնց որ արվեստանոց լինի, ուղղակի թղթի փոխարեն կաթսա և թասիկներ կան, իսկ վրձնի փոխարեն՝ գդալ, դանակ և այլն: Նկատե՞լ եք՝ իմ խոհանոց -լաբորատորիայում նկարիչը ես եմ, այսինքն՝ խոհարարը, իսկ սեղանին գույնզգույն ծաղիկներ կան: Այս շաբաթ ես շատ ուրախ եմ. ունեցա իմ այդքան երազած յութուբյան էջը, ու արդեն ունեմ 26 բաժանորդ: Հաճախակի նյութեր կավելացնեմ, բայց խնդրում եմ ծանոթանալ իմ էջին և գրել առաջարկներ: Այնքան շատ են այս շաբաթվա ասելիքներս, որ չգիտեմ՝ որտեղից սկսեմ և որտեղից ավարտեմ: Շատ հավանում եմ մարզիկ ընկեր Նառայի մարզական պարապմունքները, ընկեր Նառա Նիկողոսյանի հետ շաբաթվա ամփոփում զրույցները։ Գովում է մեզ՝ չնայած նրան, որ անցած շաբաթ մեզ վատ էինք պահել։ Երկար խոսեցինք և պայմանավորվեցինք, որ մենք արդեն մեծ ու խելացի ենք և պետք է հավաքվենք: Ընկեր Իվետայի դասերը հա՛մ հավես են, հա՛մ համեղ։ Սնկով ճաշատեսակներ ենք պատրաստել և սովորել սնկի կառուցվածքը։ Ունեցել ենք նաև օտար լեզուների պարապմունքներ: Ես ու Կարապետը երկխոսություն ձայնագրեցինք միասին, և մայրիկը պատրաստեց ֆիլմը: Հա՜, մոռացա ասել, որ կարողանում եմ ֆիլմ մոնտաժել և ներբեռնել YouTube: Առաջին նյութս Համո Սահյանի բանստեղծության ընթերցումն էր: Հա, մեկ էլ զբոսանքը։ Շատ ուրախանում եմ, երբ ուսուցիչներին մեյլով ուղարկում եմ իմ կատարած աշխատանքները  և անմիջապես ստանում եմ պատասխանը: Այս անգամ մի ծիծաղելի դեպք պատմեմ։ Ընկեր Սմբատին եմ ուղարկել մաթեմատիկայի առաջադրանքը, և գալիս է նամակ. «Նարե՛ ջան, սա ճիշտ է, բայց սա անցած շաբաթվանն է, իսկ  այս շաբաթվա առաջադրանքները ու՞ր են, ընկեր»։ Ընկեր բառից շատ ուրախացա: Ընկեր Սմբատը շատ լավն է (պարզվում է՝ սխալ ֆայլ եմ ուղարկել): Ընկեր Անահիտի հետ եմ խոսել հեռախոսով, շատ էի կարոտել: Ընկեր Նառային երբ ուղարկում եմ նյութը, անհամբեր սպասում եմ, թե ինչ կգրի, ու սկսում եմ թռվռալ։ Եթե բառը սխալ եմ գրած լինում, արագ շտկում է: Բայց ամենաշատը ուրախացա այն ժամանակ, երբ հայրիկին շատ համոզելուց հետո տնից դուրս եկա։ Իհարկե, թերթիկ գրեցինք, մայրիկը վերցրեց մեր անձնագրերը և քայլելով գնացինք դպրոց, մասնակցեցինք ապրիլի 24-ի «Կանաչ օր» նախաձեռնությանը: Արևելյան դպրոցում ես ունեմ իմ վարդի թուփը, ես ուրախ եմ շատ ուրախ եմ: Ես կայցելեմ նրան և անհամբեր կսպասեմ ծաղկելուն: Նա իմ վարդն է՝ տիկին Մարիետի և ընկեր Մարինեի վարդերի մեջտեղում՝ փոքրիկ ծառի դիմաց։ Լավ հիշում եմ իմ վարդի թփի տեղը՝ վերջից երկրորդը՝ հենց մուտքի դիմաց: Շաբաթ-կիրակի կկազմեմ իմ օրացույցը, կմտածեմ հետաքրքիր ձև: Ահա այսքանը։

Ապրիլի 27-ից մայիսի 1 առցանց ընտանեկան ուսուցում

Ապրիլ ամիսը նույնպես ավարտեցինք, բայց ես չեն ձանձրացել և մեծ հավեսով եմ աշխատել ու աշխատում եմ ընտանեկան առցանց  նախագծերով։ Ահա և վերջացնում ենք ապրիլը և վազելով գնում մայիս։ Ես դեռ չգիտեմ, բայց երևի կշարունակեմ առցանց ընտանեկան ուսուցումը, եթե անգամ բացվեն դպրոցները, կամ կորոշեմ  մի շաբաթ գնալ ընկերներիս հետ դաս անել, մի շաբաթ՝ տնից։ Ես ու հայրիկը հաճախակի ենք զրուցում, և նա ամեն բան ինձ մանրամասն պատմում ու բացատրում։ Հիմնականում խոսում ենք մարդկանց մասին, թե ինչպիսին պիտի լինի մարդը՝ անկախ ազգությունից։ Ճիշտ է, շա՜տ երկար է բացատրում ամեն բան, բայց ես սիրով եմ լսում, որոշ բաներ հասկանում եմ, իսկ որոշ բաներ ընթացքում նորից հարցնում եմ։ Մի օր էլ որոշեցինք մայրիկի հետ դիմավորել արևածագը։ Արդեն ժամը 05։37 րոպե է. դրսում լռություն։ Նայում եմ, թե ոնց է լուսանում օրը, ոնց է սառը օդը խփում քնաթաթախ դեմքիս, ու լսում եմ թռչունների ծլվլոցը, շների հաչոցը, տեսնում երկնքի գույները. կարծես կամաց-կամաց վառվեն երկնքի լույսերը։ Ժամը վեցին քնեցի. աչքերս փակվում էին, բայց սիրուն էր լուսաբացը։ Այս ընթացքում լիքը խաղալու ժամանակ ունեցա, նաև շատ ֆիլմեր ունեմ նկարահանած, բայց ես սիրում եմ նկարվել ուզում եմ իմ ալիքին բոլորը ծանոթանան, որ ինձ բոլորը ճանաչեն։ Մայրիկն ասաց, որ մայիսի չորսին պետք է մասնակցեմ կլոր սեղանի իմ «Պրպտան TV» առցանց ընտանեկան  նախագծի նորամուտով։ Մի քիչ հուզվում եմ, բայց երևի կանցնի։ Դե ինչ, գնամ պատրաստվեմ, հետո կպատմեմ ձեզ։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s